Հայոց ցեղասպանությունն իրագործվել է ոչ միայն Օսմանյան պետության, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Զեկույցի նպատակը օսմանյան և քեմալական բանակների միանգամայն տարբեր վայրերում և ժամանակներում ցեղասպան քաղաքականության իրագործման մեջ բռնության եղանակների համեմատական քննությունն է։
1914թ. նոյեմբերի 21-ին Շյուքրի փաշայի և գեներալ Լիման ֆոն Սանդերսի հրամանատարությամբ օսմանյան բանակը Մոսուլի, Սոուջբալաղի և Խոյի ուղղություններով ներխուժում է Իրանի տարածք։ Թուրք-քրդական ջոկատների, թուրքական չեթեների և «համիդիե» գնդերի մասնակցությամբ Օսմանյան կառավարությունը դաժան դատաստան է տեսնում թուրք-իրանական սահմանամերձ շրջանների քրիստոնյա բնակչության, մասնավորապես հայերի և ասորիների հետ։
1922 թ․ քեմալական բանակը ներխուժում է Զմյուռնիա` բնաջնջելով հայերին և հույներին, ապա` հրկիզում քրիստոնեաբնակ թաղամասերը։ Խոյում, Սալմաստում և Զմյուռնիայում հանցագործությունը կանխամտածված էր և դիտավորությամբ կատարված։
Օսմանյան և քեմալական բանակները հաշվեհարդար էին տեսնում անզեն և անպաշտպան կանանց, երեխաների ու ծերերի հետ: Քրիստոնյաների բնաջնջումն ուղեկցվում էր բռնության աներևակայելի եղանակների կիրառմամբ, կանանց ու աղջիկների զանգվածային բռնապղծմամբ:
Ցեղասպանության հանցակազմն իր կատարման եղանակներով բազմազան է: Այս պարագայում ծիսականացված բռնությունները, բռնաբարություններն ու սեռական բնույթի այլ գործողությունները հարկ է դիտարկել որպես բռնությամբ անձի առողջությանը ծանր վնաս հասցնելու համատեքստում, կոնկրետ ազգային և կրոնական պատկանելություն ունեցող անձանց նկատմամբ։