Լուսինե Պողոսյան,
Գոհար Պետրոսյան
Գավառի պետական համալսարան
Վերապրողների հուշերը որպես Հայոց ցեղասպանության ուսումնասիրության կարևորագույն աղբյուր
(Նոր Բայազետ)
Ցեղասպանությունը որպես ծանրագույն բեկոր խրվել է հայ ժողովրդի պատմական հիշողության մեջ` առաջացնելով հուզական ցնցում: Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ հայ ժողովրդի պատմության չմոռացվող և ողբերգական էջը: Այդ իրադարձությունը գենետիկ կերպով իր ազդեցությունն է թողել սերունդների հոգեբանության վրա: Բայց վաղուց ժամանակն է ազատվել ցեղասպանված լինելու սոսկալի զգացումից, աշխարհին նայել ուրիշ աչքերով, իհարկե, սա չի նշանակում, որ պետք է հերքել փաստը, այլ պարզապես պետք է միջազգային հանրությանը ներկայանալ այլ կողմերով:

Բավ է` աշխարհը հային ընդունի իբրև ցեղասպան եղած , թող աշխարհը տեսնի հային հաղթող, ու իր նախնիների մշտամնա ուժի և փառքի կրող: Խաղաղասեր հայ ժողովրդի արյունը հեղվեց ու ներկեց պապենական հողերը, մարդկության աչքի առաջ մորթվեց մի ողջ ժողովուրդ, իսկ այդ սոսկալի սպանդից մազապուրծ եղած հայերը հանգրվանեցին Արևելայաստանում, աշխարհի տարբեր մասերում ` տեսածի ողջ սարսափը, վախը, անցյալի վերապրումները անթեղած իրենց սրտում:

Դեռևս 1914 թվականից Նոր Բայազետում հանգրվանել են գաղթականների խմբեր, և այդ հոսքը շարունակվել է մինչև 1918 թվականը: Մեր ուշադրության կենտրոնում կլինեն մանավանդ նրանք, ովքեր եկան և հաստատվեցին Նոր Բայազետում: Պատմության խունացած էջերը մեզ են ավանդում Նոր Բայազետում հաստատվածների հուշերը` լի դառնությամբ ու անհուն կարոտով:

Սույն աշխատանքի ուսումնասիրության առարկան է Նոր Բայազետում հաստատվածների հուշերը, նամակները, վկայությունները, որոնք կարևորագույն աղբյուր են հայոց ցեղասպանության ուսումնասիրության համար: Հենց այդ վկայություններն են թույլ տալիս հասկանալու իրական դրությունը Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում: Դա իրական պատկերն է տվյալ ժամանակաշրջանի, պահպանված հատուկենտ տեղեկությունները առավել հարստացնում են մեր գիտելիքները թույլ են տալիս լայն պատկերացում կազմել մեծ ոճրագործության մասին: Հենց այդ վկայությունները ապացույց են, որ, այո, հայ ժողովրդի հետ կատարվածը ցեղասպանություն էր, սպանդ: Վերապրածների հուշերը վկայում են Թուրքիայի կողմից կատարված ոճրագործության մասին:


Made on
Tilda