Մարի Կարապետյան
Գավառի պետական համալսարան
Բաքվի ցեղասպան քաղաքականությունը ադրբեջանահայության նկատմամբ 1988-1992 թվականներին
Ցեղասպանությունը հանցագործություն է, որ որոշակի ժամանակային սահմաններում է կատարվում: 1988-1992 թթ.՝ ԽՍՀՄ գոյության վերջին երկուսուկես տարիներին, Խորհրդային Ադրբեջանում եղեռնի ենթարկվեց ադրբեջանահայությունը՝ Արևելյան Անդրկովկասի քաղաքական, տնտեսական ու մշակութային պատմությունը կերտողներից մեկը: Դա ինտերնացիոնալ հանրապետության հիմնադիր ժողովուրդներից մեկի ցեղասպանություն էր և բացառիկ երևույթ XX դարի պատմության մեջ:

1988-1992թթ. թվականներին Ադրբեջանի բոլոր եւ Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների գործողությունները` ուղղված տեղի հայ բնակչության նկատմամբ բացահայտ ցեղասպանության ակտեր էին, որովհետեւ այդ ամենն ուներ հայ տարրի ոչնչացման բացահայտ ծրագիր: Հայ բնակչության նկատմամբ կատարվում էին զանգվածային բռնություններ, իրականացվում էր բռնի տեղահանություն, որոնք ուղեկցվում էին դաժան սպանություններով, ինչի արդյունքում զոհվեցին ու վիրավորվեցին հազարավոր անմեղ հայեր` կանայք, երեխաներ, ծերեր, հարյուրհազարավոր մարդիկ էլ դարձան գաղթական ու մնացին անօթևան:

1988թ. Ադրբեջանում թափ առավ հայկական ջարդերի ալիքը ի պատասխան արցախահայության ձգտմանը` իրացնելու իր ինքնորոշման իրավունքը: Ջարդերը ուղեկցվում էր իրենց դաժանությամբ նախադեպը չունեցող սպանություններով, բռնություններով և կողոպուտով: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությունը բռնի ուժով ճնշելու Ադրբեջանի քաղաքականության առաջին զոհը դարձան Լեռնային Ղարաբաղից մի քանի հարյուր կիլոմետր հեռու գտնվող ադրբեջանական Սումգայիթ քաղաքի հայերը: Սումգայիթում կոտորածը տևեց երեք օր՝ 1988-ի փետրվարի 27-29:

1988 թ. նոյեմբերին Ադրբեջանում սկսվեց հայկական ջարդերի երկրորդ ալիքը. դրանցից ամենախոշորները տեղի ունեցան Կիրովաբադում, Շամախիում, Շամխորում, Մինգեչաուրում:

1988-1990 թթ. Ադրբեջանում հայ ազգաբնակչության նկատմամբ հալածանքների, բռնությունների, ջարդերի և սպանությունների գագաթնակետը դարձան 1990 թ. հունվարին Բաքվի հայերի զանգվածային սպանություններն ու վերջնական տեղահանումը: 1990 թ. հունվարին Բաքվում 250 հազարանոց հայկական բնակչությունից մնացել էր շուրջ 35-40 հազար հայ: Դրանք մեծ մասամբ տարեցներ, միայնակ, հիվանդ կամ անապահով մարդիկ էին, ովքեր չէին կամենում կամ պարզապես չէին կարող հեռանալ, ինչպես նաև նրանց լքել չցանկացած մերձավորները։

Ադրբեջանահայության ցեղասպանությունը՝ մարդկության դեմ ցայսօր լռության մատնված հանցագործություն է:
Made on
Tilda