Մարիամ Ավագյան
Հայաստան
Ցեղասպանությունից հայության ինքնապաշտպանության դրվագների ուսումնասիրության կարևորությունը որպես ցեղասպանության կանխարգելման և զսպման գործիք
Արցախի դեմ հրահրված թուրք-ադրբեջանական ագրեսիան ահաբեկիչների ներգրավմամբ բացահայտեց, որ ժամանակակից աշխարհը ոչ միայն զրկված է ցեղասպանությունների ընթացքը զսպելու իրատեսական հնարավորությունից, փաստենք, որ մնում է անտարբեր իրողությանը: Համացանցի ու կապի տարատեսակ, գերարագ միջոցների ներկայությունը նույնիսկ ժամանակակից աշխարհում չեն ապահովում միջազգային հանրության գրավոր ու բանավոր արձագանքների ակնկալվող արագությունը, դրանք շատ ավելի ուշանում են, քան պահանջվում է կազմակերպված ցեղասպանության իրականացման համար:

Հայկական մի շարք պետական օղակների, ինչպես և ՀՀ ու Արցահի մարդու պաշտպանների խուճապային արձագանքները, ավելորդ անգամ վկայեցին, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, հանձինս ՄԱԿ-ի, մնացին անհաղորդ իրենց իսկ հռչակած տարատեսակ սկզբունքների արմատական խախտումների փաստին, նույնիսկ այն դեպքերում, երբ ներկա էր ուղիղ դիմումը` սպառնալիքը իրենց վրա կրող մարդկանց ու համայնքների կողմից:

Այս ֆոնին Արցախի անկախության միջազգային ճանաչման գործընթացի ակտիվացումը դեռ երկար կարիք կունենա հանրային խթանման, թեև ակնառու է դրա դերը հայության դեմ ցեղասպանության կանխարգելման իրավական հիմքերի ապահովման համար:

Հայության հանդեպ այսօր ընթացող ագրեսիան, որը շատերը բնորոշեցին որպես ոչնչացման պատերազմ կամ հայության ցեղասպանության երկրորդ ալիք, բացահայտեց նաև այն, որ ռազմական տեխնոլոգիական սրընթաց զարգացումները հնարավորություններ են ստեղծում ընդլայնելու ցեղասպանության իրականացման սահմաններն ու իրագործման միջոցները, ինչպես և դրա ընթացքի արագությունը:

Ցեղասպանությունը մնում է սպառնալիք, և մշակված չեն դրա կանխարգելման ու զսպման իրատեսական մոտեցումները:

Հայության շուրջ ներկա իրողությունը ավելորդ անգամ վկայում է, որ եզակի միջոցը մնում է ցեղասպանության սպառնալիքի տակ գտնվող հայության ինքնապաշտպանական ներուժը:

Նաև 1987-1994 թվականների "Արցախյան շարժման" շուրջ ողջ ընթացքի ուսումնասիրությունը ցուցադրում է, որ համախումբ հայության համար ցեղասպանությունից ինքնապաշտպանության կազմակերպումն ու իրականացումը ավելի քան արդյունավետ էին: Դրա եզակի օրինակներից է Գանձակ/Կիրովաբադի համախումբ հայության ինքնապաշտպանության փաստը: Սակայն, Սումգայիթ քաղաքում Ռաֆիկ Թովմասյանի կազմակերպած և ընդամենը չորս հոգով տարած ինքնապաշտպանության փաստը պահանջում է առանձնակի ուշադրություն և ուսումնասիրություն: Այդ ինքնապաշտպանությունը փրկեց ոչ միայն Ռաֆիկի ու նրա հարևան հայի ընտանիքին, այլև նպաստեց փրկվել Սումգայիթ քաղաքի այլ շրջաններում ցաք ու ցրիվ բնակվող հայերին:

Կարծում ենք, որ ցեղասպանությունից հայության ինքնապաշտպանության դրվագների ուսումնասիրությունն ու մատուցումը ուսումնական դասընթացների միջոցով կարևոր գործիք է ցեղասպանության վտանգը արթուն ընկալելու և գնահատելու, կանխարգելման ու զսպման քայլեր ձեռնարկելու համար:


Made on
Tilda