Նոյեմբերի 5-7, 2020
«Ցեղասպանությունը ժամանակակից աշխարհում. Ուսումնասիրման հեռանկարները եւ մարտահրավերները»

Եռօրյա միջազգային գիտաժողով նվիրված Հայոց ցեղասպանության
105-րդ տարելիցին եւ Հոլոքոստի ավարտի 75-ամյակին
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործություների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտպետկոմի աջակցությամբ 2020թ. նոյեմբերի 5-7 տեղի է ունեցել «Ցեղասպանությունը ժամանակակից աշխարհում. Ուսումնասիրման հեռանկարները եւ մարտահրավերները» եռօրյա միջազգային առցանց գիտաժողով նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին եւ Հոլոքոստի ավարտի 75-ամյակին:
կարդալ ավելին
Գիտաժողովի ընթացքում զեկուցմամբ հանդես եկան ԵՊՀ, Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործություների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Սուրեն Մանուկյանը, աշխատակից Ռոբերտ Սուքիասյանը, Նարեկ Պողոսյանը, Թեհմինե Մարտոյանը, Վազգեն Հախոյանը (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամ), Լուսինե Պողոսյանը, Գոհար Պետրոսյանը, Մերի Կարապետյանը (Գավառի պետական համալսարան) Մարիամ Թոփակյանը (ԵՊՀ), Ռուբինա Փիրումյանը (Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարան), Կառոլա Լինգասը (ՎԻԴ մասնագիտացման համալսարան, Նորվեգիա), Նելիդա Ելենա Բուլգուրջյան (UNTREF, Բուենոս Այրեսի համալսարան, Արգենտինա), Ռեգինա Պաուլոս (Միջազգային քրեական իրավունքի փաստաբան, ԱՄՆ) Մելանի Օ'Բրայեն (Արևմտյան Ավստրալիայի համալսարան, Ավստրալիա), Նառել Ֆլետչեռ (Սիդնեյի տեխնոլոգիական համալսարան, Ավստրալիա), Մարիամ Ավագյանը:

Համաժողովի ընթացքում ներկայացված զեկույցները վերաբերում էին Հայոց ցեղասպանությանը, Ռուանդայում տուտսիների ցեղասպանությանը, Արևելյան Թիմորի ցեղասպանությանը, Մյանմայում Ռոհինգյայի ցեղասպանությանը, Քեմալական Թուրքիայի ցեղասպան քաղաքականությանը, ինչպես նաև Բաքվի ցեղասպան քաղաքականությանը ադրբեջանահայերի նկատմամբ:

Զեկույցները ներկայացվում էին ինչպես պատմական, այնպես էլ քաղաքագիտական,լեզվաբանական, իրավական տեսանկյուններից:

Գիտաժողովի ընթացքում զեկույցով հանդես եկավ նաև ԵՊՀ, Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործություների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Սուրեն Մանուկյանը: Նա իր զեկուցմամբ մանրամասնեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առկա ցեղասպանության սպառնալիքը, բերելով բազում օրինակներ, որտեղ և՛ ադրբեջանական, և՛ թուրքական հասարակությունների ներկայացուցիչները և պետության առաջին դեմքերը հակահայ կոչեր են հնչեցնում և հերոսացնում քնած ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանական սպային. ‹‹Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանը նշել էր, որ Ռամիլ Սաֆարովը պետք է դառնա ճշմարիտ հայրենասիրության օրինակ ադրբեջանցի երիտասարդների համար››։

Ս.Մանուկյանի խոսքով Արցախի հայ բնակչության նկատմամբ այս պահին ցեղասպանության վտանգը շարունակում է բարձր մնալ:
Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը գործում է Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում: Ամբիոնի առաքելությունն է ուսումնասիրել Ցեղասպանություն երեւույթը: Այս ճանապարհին բաժինը հետազոտություններ է իրականացնում ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ այլ ժողովուրդների նկատմամբ գործած հանցագործության վերաբերյալ՝ նպատակ ունենալով կրթության եւ հանրության իրազեկվածության բարձրացման միջոցով նպաստել ցեղասպանություն ու զանգվածային սպանություն հանցագործությունների կանխարգելմանը:

ԵՊՀ ՀՀԻ Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի նպատակներն են.


  • Խթանել ցեղասպանագիտական կրթությունը ֆորմալ և ոչ ֆորմալ մակարդակներում:

  • Տարբեր միջոցառումների, տեղեկատվության արշավների, հրապարակումների, սեմինարների միջոցով հասարակության շրջանում բարձրացնել ցեղասպանությունների և այլ զանգվածային հանցագործությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:

  • Ստեղծել ցեղասպանագետների, հարակից ոլորտների գիտնականների, ուսանողների, կամավորների ցանց:

  • համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի այլ ամբիոնների և այլ կազմակերպությունների հետ ոլորտին առնչվող տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

Երեւանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում գործում է նաեւ Ցեղասպանագիտությաւն մագիստրոսական ծրագիրը (տրվում է Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան):

Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի ղեկավարն է պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը: Նա արդեն երկար տարիներ մասնագիտանում է ցեղասպանագիտության ոլորտում: 2017 թվականից նա ղեկավարում է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ցեղասպանագիտության բաժինը, ինչպես նաեւ 2018թ.-ից Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժինը: 2007-2018թթ. եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը: Բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է եւ միջազգային գիտաժողովների մասնակից: Եղել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 2015թ. Երեւանում անցկացված տարեկան գիտաժողովի տնօրենը: Սուրեն Մանուկյանը այդ հեղինակավոր, ցեղասպանությունների ուսումնասիրության մեջ ներգրավված գրեթե բոլոր մասնագետների միավորող միջազգային կազմակերպության Խորհրդի անդամ է 2017 թվականից:
Made on
Tilda